ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկներից շատերը համաձայնվել են ծառայությունը շարունակելու նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Ըստ Պետդումայի խոսնակի, Պուտինը, «Վագների» մարտիկներին բացատրելով առկա իրադրությունը, «առաջարկել է նրանց, ովքեր ուզում են պաշտպանել Ռուսաստանը, զենքը ձեռքին շարունակել ծառայությունը»։

«Որքան գիտեմ, նրանցից շատերը համաձայնվել են դրան»,- կիրակի իր տելեգրամյան ալիքում գրել է Վոլոդինը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ հունիսի 24-ի իրավիճակում ուժային կառույցները լավագույնս են իրենց դրսևորել։

«Այս ծանրագույն իրավիճակից Պուտինը դուրս եկավ ինչպես երկրում, այնպես էլ աշխարհում իր դիրքերն էլ ավելի ամրապնդած։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի արյունահեղություն ու խառնակչություն թույլ չտա»,- գրել է Վոլոդինը։

Ընդհանուր առմամբ, Պետդումայի խոսնակի կարծիքով, հունիսի 23-24-ը «Ռուսաստանի պատմության մեջ մտան որպես նախագահ Պուտինի շուրջ հասարակության միավորման և համախմբման օրեր»։