Արագածավանի հայտնի ՔՊ–ական Սուրո Թորոսյանի կողմից առերևույթ կատարած հանցագործության գործը աննախադեպ արագությամբ հասավ դատարան և նշանակվեց առաջին դատական նիստը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Բազմաթիվ քրեական գործերով փաստաբանները կերազեին այսպիսի արագություն։ Բայց սա այլ դեպք է, այստեղ ամբողջ իշխանությունը կանգնած է մեղադրյալ ՔՊ–ականի թև ու թիկունքին։

Չհասցրեցի անգամ միջնորդել դատախազին, որ մեղադրական եզրակացությունը չհաստատի և գործը վերադարձնի քննիչին, որպեսզի քննիչը կատարի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։ Մինչև միջնորդությունս կավարտեի՝ Թալինի դատարանից զանգեցին և հայտնեցին, որ օգոստոսին 3–ին, ժամը 12:00–ին նշանակվել է առաջին նիստը։

Շշմեցուցիչ արագությամբ և «արդյունավետությամբ» են աշխատում քննիչներն ու դատախազները։

Ինչևէ, ամբողջ քրեական վարույթն իրականացվել է խայտառակ թերություններով։ Օրինակ՝ օպերատիվ–հետախուզական հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, որպեսզի պարզեն կարևորագույն հանգամանքներ և որպեսզի քննիչը կարողանա կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ (քննիչն է հենց այդպես գրել), բայց այդ նույն քննիչը չի սպասել, որպեսզի կատարվի այդ հանձնարարությունը և ստանա կարևորագույն տեղեկությունները։

Օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Դատարանի Թալինի նստավայրում կկայանա առաջին դատական նիստը։ Խոստանում եմ, շատ հետաքրքիր է լինելու»:

Ավելի  վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

«Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը

Արագածավանում երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ