Արեւմտյան Վրաստանի Շովի բարձրլեռնային ամառանոցում տարերքի պատանդ դարձած մարդկանց տարհանման գործընթացն առավոտյան վերսկսվել է, այդ ընթացքում ուղղաթիռներով տարհանել են 140 մարդու, այդ թվում երեխաների, տեղեկացրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Սողանքի հետեւանքով, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Շովիում, տեղի ժամանակով ժամը մոտ 15.00-ին, զոհվել է երկու մարդ։ Քանդվել են կամուրջներ, վնասվել են Շովի տանող ճանապարհները։ Փրկարարները եւ ոստիկանությունը աղետի վայր են հասել ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով՝ մարդկանց տարհանելու համար։ Արդեն կատավել է ինը չվերթ։
Վերջին տեղեկության համաձայն՝ հաջողվել է գտնել վեց մարդու այն 50-ից, որոնց հետ սողանքից հետո կապ չկա։ Գտնվածներն անվտանգության մեջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուսների հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել։
Ուշ գիշեր աղետի գոտի է մեկնել լրացուցիչ փրկարար բրիգադ։ Հատուկ տեխնիկա է բերվել։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ է բացվել Գլոլա գյուղում։ Աշխատում է թեժ գիծ՝ 598 913 089։
Կլիմայական եւ բալնեոլոգիական Շովի կուրորտը գտնվում է ծովի մակարդակից 1,5 հազար մետր բարձրության վրա Օնի շրջանում (Ռաչա-Լեչխում եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջան)։





























