Այս օրերին Հայաստանի տնտեսագիտական միտքն անսպասելի կենտրոնացել է համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքին դիմագրավելու մեր հնարավորությունների շուրջ: Դրան հավանաբար նպաստեց այն երկխոսությունը, որ տեղի ունեցավ Ջերմուկում Հայաստանի նախագահի եւ Համաշխարհանին բանկի հայաստանյան ներկայացուցչի միջեւ: Մինչ Ժան-Միշել Հափփին մտահոգված է Եվրոպայի պարտքային խնդիրների Հայաստանի վրա ունեցած ազդեցությամբ, Հայաստանի նախագահը դեռ վաղ է համարում խոսել ճգնաժամի երկրորդ ալիքի մասին:
Հայաստանում հիմա շատ ինտենսիվ առաջ են տանում այն միտքը, որ զարգացած երկրները դասեր չեն քաղել ճգնաժամի առաջին ալիքից, որն ինքնին երկրորդ ալիքի հավանականություն է ստեղծում: Սա, կարծում եմ, չափազանցություն է, ավելի շուտ ինքնագովազդ է հիշեցնում, քան մասնագիտական գնահատական: Հարկ է ուշադրություն դարձնել, որ Եվրոպայի պարտքային խնդիրները 1-2 տարում չէ, որ առաջացել են, այդ ֆինանսական կծիկները ձեւավորվել են հենց այն տարիներին, երբ Եվրոպան բարեկեցության նիհիլիզմի ներքո իսկապես չէր զգում ճգնաժամի վտանգը:
Սա շատ կարեւոր է` Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար 2008 թ. ճգնաժամային ալիքն անսպասելի էր ու անակնկալ: Միայն այն բանից հետո, երբ գիգանտ բանկերն ու ապահովագրական ընկերությունները սկսեցին սնանկանալ կամ մոտ էին դրան, ռեցեսիան թափ էր հավաքում, գերտերությունների ղեկավարները հավաքվեցին հակաճգնաժամային ծրագրեր մշակելու համար: Հիմա իրավիճակն այլ է` իրականացվում են լուրջ կանխարգելիչ միջոցառումներ, այլապես ճգնաժամը վաղուց հասունացած կլիներ: Հենց միայն Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունների պատրաստակամությունը` օգնել բանկերին, երեկ ու այսօր բորսաներում վերելք են առաջացրել:
Իրավիճակն այնպիսին է, որ անգամ եթե միայն Հունաստանը հայտարարի դեֆոլտի մասին, ապա Եվրոպան ի վիճակի է դա մարսել: Խնդիրը կբարդանա միայն այն դեպքում, երբ դեֆոլտ հայտարարեն մի քանի եվրոպական երկրներ: Դա հարվածի տակ կդնի եվրոյի գոտու ճակատագիրը, իսկ ֆինանսական շուկաներում երկար ժամանակով անորոշություններ կստեղծվեն:
Խնդիրը մի փոքր այլ է: Համաշխարհային մասշտաբով աճում է անվստահությունը արժեթղթերի նկատմամբ: Իսկ արժեթուղթը հզոր ներդրումային գործիք է, որի միջոցով վիթխարի ռեսուրսներ են վերաբաշխվում: Տեսանելի ապագայում արժեթղթին փոխարինող որեւէ այլ արդյունավետ գործիք չի առաջարկվում, ինչը ֆոնդային բորսաներին առավել խոցելի է դարձնում ցանկացած ցնցման հանդեպ:
Ինքնին ֆոնդային բորսաներում տեղի ունեցող վայրիվերումները Հայաստանի վրա չեն ազդի, քանի որ մեր կապիտալի շուկան զրոյական մակարդակից մի փոքր է բարձր: Սակայն չմոռանանք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը մոտ 1.5 մլրդ դոլարի չափով արժեթուղթ ունի, ու դեռ հայտնի չէ, թե դրանք ում թողարկածներն են:
Հայաստանի տնտեսության համար հիմնական վտանգը գալիս է հումքի գներից, ընդ որում` ինչպես մետաղների, որ մեր արտահանման կեսն են, այնպես էլ նավթի: Չմոռանանք, որ Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կամխատեսում էր նավթի գնի նվազում 60 դոլարից ցածր 1 բարելի դիմաց: Նման սցենարը բարդություններ ու ֆինանսական ճգնաժամ կառաջացնի Ռուսաստանում, իսկ դա էլ իր հերթին կանդրադառնա Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի վրա: Որքան էլ խոսենք, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվել է, շարունակում ենք տրանսֆերտներից կախված տնտեսություն ունենալ:
Կան տեսակետներ, որ գունավոր մետաղների գնի էական անկում տեղի չի ունենա բոլոր դեպքերում: Այս լավատեսության հիմքերն այնքան էլ պարզ չեն: Պղինձը վերջին 1 ամսում էժանացել է 20 տոկոսով, թեեւ աշխարհում ռեցեսիա չկա: Իսկ ի՞նչ կլինի, եթե ռեցեսիան իրապես սկսի: Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք ռեցեսիան տեղի կունենա առաջիկա 1-2 տարում…
Սամվել Ավագյան




























