Հյուսիսային Կարոլինա նահանգի Չապել Հիլլ քաղաքի համալսարանի աշխատակիցներից մեկը համալսարանում հրաձգության հետևանքով սպանվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Բրայան Ջեյմսին։
Հարձակվողը, ով կարողացել է մի քանի կրակոց արձակել, բերման է ենթարկվել։ Իրավապահները չեն հայտնում մահացածի և ձերբակալվածի անունները, ինչպես նաև չեն խոսում կրակողի դրդապատճառների մասին։
Տարհանման ժամանակ մի քանի ուսանողներ ցած են նետվել համալսարանի շենքերից մեկի պատուհանից և կարող էին վիրավորումներ ստանալ։
Ըստ Pew Research Center-ի, ամերիկացիների առնվազն 60%-ը կարծում է, որ ԱՄՆ-ում օրինական ճանապարհով հրազեն ձեռք բերելը «չափազանց հեշտ է»: Gun Violence Archive-ը հայտնել է, որ տարեսկզբից ԱՄՆ-ում հրազենային բռնության զոհ է դարձել ավելի քան 25 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում ԱՄՆ-ում զանգվածային կրակոցների 421 դեպք է գրանցվել, որոնցից 28-ը որակվել են որպես ջարդեր։ Հրազեն ունենալու իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ։





























