Նորզելանդացի հարյուրավոր բժիշկներ եւ ատամնաբույժներ երկու ժամ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը։ Ինչպես տեղեկացրել է Radio New Zealand ռադիոկայանը, բուժաշխատողների գործադուլի պատճառով երկրի հիվանդանոցներում ստիպված են եղել չեղարկել ավելի քան 250 վիրահատություն եւ միջամտություն։
Ճյուղային արհմիության հայտարարության համաձայն՝ գործադուլի որոշումը կայացվել է «կառավարության հետ աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ փակուղի մտած բանակցությունների պատճառով»։ Մինչ այդ կազմակերպությունում տեղեկացրել էին, որ բժիշկները գործադուլ կանեն նաեւ սեպտեմբերի 13-ին եւ 21-ին՝ իրենց աշխատավարձն առնվազն 7-8 տոկոսով բարձրացնելու եւ գնաճի պատճառով 11 տոկոսով փաստացի նվազած եկամուտը փոխհատուցելու պահանջով։
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առաջարկել է աշխատավարձի արդարացի բարձրացում (6,5-10,5 տոկոս՝ կախված ստաժից եւ որակավորումից), ինչը թույլ կտա միջինը փաստացի եկամուտը բարձրացնել տարեկան մոտ 20 հազար նորզելանդական դոլարով (11,5 հազար ԱՄՆ դոլար) եւ միանվագ վճարել 4 հազար նորզելանդական դոլարի (2,4 հազար դոլար) պարգեւավճար։ Սակայն Վարձու բուժաշխատողների նորզելանդական ասոցիացիայի նախագահ Ջուլիան Վյասի խոսքով՝ կառավարության առաջարկած բարձրացումն իրականում նշանակում է «աշխատավարձի արդյունավետ իջեցում»։ «Բայց մենք ուզում ենք, որ մեր աշխատավարձը համապատասխանի գնաճի մակարդակին»,- ընդգծել է նա։
Ակնկալվում է, որ կառավարության եւ արհմիության միջեւ բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 6-ին։





























