Վալախիայի իշխան Վլադ Ցեպեշը (1431-1476), որը Բրեմ Սթոքերի (1847-1912) վեպի կոմս Դրակուլայի նախատիպն է, կարող էր բուսակեր եղած լինել։ Ինչպես հաղորդել է The Times թերթը, այսպիսի եզրակացության են եկել գիտնականների միջազգային խմբի անդամները, որոնք ուսումնասիրել են Ցեպեշի 1457 եւ 1475թթ. գրած երեք նամակները։ Դրանք պահվում են ռումինական արխիվներում։
Տրանսիլվանիայում պահպանվող փաստաթղթերի կենսաքիմիական հետքերը դեռ 2019թ. հայտնաբերել են ռուսաստանցիներ Գլեբ եւ Սվետլանա Զիլբերշտեյնները, որոնք ապրում եւ աշխատում են Իսրայելում։ Սպիտակուցային մարքերների հետազոտությունը, որն իրականացրել է իտալացի գիտնականների թիմը՝ Մարիա Գաետանա Ջովաննա Պիտալայի գլխավորությամբ, ցույց է տվել, որ Ցեպեշը կարող էր տառապել շնչառական հիվանդություններով, ինչպես նաեւ հեմոլակրիայով՝ վիճակ, որի դեպքում աչքերից արցունքների փոխարեն արյուն է գալիս։ 2023թ. օգոստոսին հետազոտողների հոդվածը հրապարակվեց Analytical Chemistry ամսագրում։
Հետազոտության մի նոր մանրամասնի մասին The Times-ի հարցազրույցում հիշատակել է Գլեբ Զիլբերշտեյնը։ «Նամակների վրա հայտնաբերված սննդային սպիտակուցներն ունեցել են միայն բուսական ծագում։ Վամպիրի նախատիպը կարող էր վեգան եղած լինել»,- ասել է նա պարբերականին։
Ըստ գիտնականի՝ խոսքը պարտադիր չէ, որ Ցեպեշի գիտակցական ընտրության մասին լինի։ «XV դարում կլիման Եվրոպայում շատ սառն էր, ուտելիքը՝ քիչ։ Բիոհնագետների եզրակացությունների համաձայն՝ ամբողջ Եվրոպայում անգամ արիստոկրատների կերակրացանկն էր շատ աղքատիկ, միսը հաճախ չէր, որ օգտագործվում էր,- նշել է Զիլբերշտեյնը։- Դրակուլան կարող էր բուսակեր կամ վեգան լինել աղքատիկ սննդի կամ առողջական խնդիրների պատճառով»։





























