Իրանում ձերբակալված Շվեդիայի քաղաքացին հանցագործություն է կատարել Իսլամական Հանրապետության տարածքում, նրա գործը կուղարկվի դատարան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին:

«Նա Շվեդիայի քաղաքացի է, նրան մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ նա հանցագործություններ է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում։ Այս պահին այդ անձը  ուղարկվել է բանտ։ Հետաքննությունը վերջնական փուլում է, դատախազության վերջնական որոշման կայացումից հետո մոտակա օրերին գործը կուղարկվի իրավասու դատարան»,-Սեթայեշիի խոսքը մեջբերում է IRNA-ն։

Սեպտեմբերի 4-ին New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Եվրամիությունն ու Շվեդիան ավելի քան մեկ տարի թաքցրել են Իրանում ԵՄ դիվանագիտական կորպուսի համար աշխատող Շվեդիայի քաղաքացի Յուհան Ֆլուդերուսի ձերբակալությունը: Հաջորդ օրը Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ միության ինստիտուտները Իրանի ներկայացուցիչների հետ դիվանագիտական հանդիպումների ընթացքում փորձում են հասնել Ֆլուդերուսի ազատ արձակմանը: