Բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը դատարան է կանչվել ցույցերից մեկի ժամանակ ոստիկանության պահանջները չկատարելու համար, հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով Մալմյո քաղաքի դատախազությանը։

Ըստ գործակալության, նիստը նշանակված է սեպտեմբերի 27-ին, սակայն օրը կարող է փոխվել։ Թունբերգի գործով նախորդ  դատավարությունը տեղի է ունեցել հուլիսի 24-ին։ Ակտիվիստուհին տուգանվել է 1500 շվեդական կրոնով (մոտ 144 դոլար)՝ այլ ակտիվիստների հետ  Մալմյո նավահանգիստը արգելափակելու և  ոստիկաններին չենթարկվելու համար։

Այս տարի Թունբերգը և նրա «Ուրբաթները հանուն ապագայի» շարժումը չորրորդ անգամ առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Թունբերգը հայտնի դարձավ 2019 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում ունեցած հուզական ելույթից հետո, որը հասարակական մեծ արձագանք ունեցավ։ Կլիմայի գագաթնաժողովում ելույթ ունենալիս ակտիվիստն ասել էր պետությունների ղեկավարներին, որ նրանք խլել են իր երազանքներն ու մանկությունը իրենց դատարկ խոստումներով, ինչպես նաև նախատել  համաշխարհային առաջնորդներին շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարում բավականաչափ ջանքեր չգործադրելու համար: