ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խնդրում է ԱՄՆ Կոնգրեսին անել հնարավոր ամեն ինչ՝ խուսափելու երկրի դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումից (shutdown), քանի որ դա կլինի իրադարձությունների զարգացման վատագույն սցենարը պաշտպանության գերատեսչության ֆինանսավորման համար: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Կոնգրեսը պետք է աշխատի երկկուսակցական հիմքով, որպեսզի խուսափի կառավարության աշխատանքի դադարեցումից և բյուջե ընդունի», - ասել է նա՝ հավելելով. «Shutdown-ը պաշտպանության գերատեսչության համար ամենավատ սցենարն է»:
Սինգհը բացատրել է, որ կառավարության աշխատանքի դադարեցման դեպքում Պենտագոնի զինվորականները ստիպված կլինեն աշխատել առանց վարձատրության, «և նրանց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիական գործընկերներ կուղարկվեն արձակուրդ առանց վարձատրության»: «Այս կապակցությամբ մենք խնդրում ենք ԱՄՆ Կոնգրեսին անել իր աշխատանքը և ֆինանսավորել կառավարությանը», - եզրափակել է Պենտագոնի խոսնակը:





























