Ղազախստանը Գերմանիայի կարևոր գործընկերն է հում նավթի և  հումքային այլ նյութերի  մատակարարման հարցում։ Այդ մասին Բեռլինում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ըստ նրա, Ղազախստանը կարևոր գործընկեր է  մատակարարման ուղիների ընդլայնման, օրինակ՝ հում նավթի ներմուծման և ռուսական էներգակիրներից Գերմանիան անկախացնելու հարցում։

Կանցլերը նշել է Ղազախստանի կարևոր դերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման գործում։ «Լավ և օգտակար է, որ Ղազախստանի կառավարությունն աջակցում է մեզ պատժամիջոցներից խուսափելը կանխելու և ակտիվ հակաքայլեր ձեռնարկելու հարցում»,- ասել է Շոլցը, տեղեկացնում է DW-ն։

«Այս երկիրը Կենտրոնական Ասիայում Գերմանիայի կարևորագույն առևտրային գործընկերն է»,- շարունակել է Գերմանիայի կանցլերը։ Տոկաևը և Շոլցը պայմանավորվել են բարելավել առևտրի և ներդրումների պայմանները։ «Մենք հստակորեն քննարկել ենք, որ իրավական որոշակիությունը կարևոր է, - շարունակել է Շոլցը:- Նախագահն ինձ պատմել է երկրում օրենքի գերակայության, մարդու իրավունքների հարգման և ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման իր ծրագրերի մասին»:

Տոկաևն իր հերթին ասել է, որ Գերմանիան «Ղազախստանի ռազմավարական գործընկեր երկիրն է Եվրամիությունում»։ Նա ասել է, որ նախորդ երեկո արդեն ստորագրվել են կարևոր առևտրային պայմանագրեր Siemens, Siemens Energy, Deutsche Bahn, Linde Group և այլ ընկերությունների հետ։ Տոկաևը նաև Ղազախստան այցելելու պատասխան հրավեր է փոխանցել Գերմանիայի կանցլերին։