Ադրբեջանի առաջարկած ղարաբաղյան կարգավորման բանաձեւի նախագիծը չի քննարկվել հոկտեմբերի 7-ից 10-ը Բուխարեստում անցկացված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտնել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներ Ստեփան Սաֆարյանն ու Կարեն Ավագյանը: Ավագյանը նշել է, որ Հայաստանի համար ղարաբաղյան կարգավորման գլխավոր հարթակ է մնում ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Ադրբեջանի ռազմավարական նպատակն է եվրոպական կառույցներում տարբեր բանաձեւերի ընդունումը: Նրանք դա փորձել են անել ՆԱՏՕ ԽՎ-ում, փորձում են Եվրանեսթում, աշխատանք են տանում ԵԽԽՎ-ում», - նշել է Ավագյանը:
Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ Բուխարեստի նստաշրջանում ադրբեջանցիների առաջ քաշած տեքստը վերանայվել է եւ չեզոք տեսք է ստացել, ինչն առաջացրել է ադրբեջանական պատվիրակության դժգոհությունը:
«Հերթական անգամ քննարկման չարժանացած տեքստում չի եղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար վտանգավոր որեւէ տերմին` «ագրեսոր», «անջատողական», «էթնիկ զտումներ»: Ադրբեջանական պատվիրակությունը բազմիցս փորձել է այդ ձեւակերպումները ներառել տեքստում, սակայն այս անգամ էլ չի հաջողել», - նշեց Սաֆարյանը:
«Օրինակ` Էդինբուրգի նստաշրջանում այդ փորձերն ավարտվեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Դեւիդ Միլիբենդի վեճով: Վառնայում եւ Վարշավայում այդպիսի փորձեր արդեն չէին արվում: Պատճառներից մեկն էլ կարող է լինել նոր ադրբեջանական պատվիրակության լեզվական խնդիրները: Նրանք անգլերեն ու ռուսերեն չգիտեն: Նրանց ամբողջ ռազմավարությունը կուլուարային բանակցություններն են եւ մեզ հայտնի մեթոդներով խորհրդարանականների բարեհաճությունը շահելը», - հայտարարեց Սաֆարյանը:




























