Հյուսիսային Կորեան քննադատել է Միացյալ Նահանգներին Պենտագոնի զեկույցի առիթով, որում երկիրն անվանվել է «մշտական սպառնալիք զանգվածային ոչնչացման զենքի պատճառով»։ Փհենյանը հայտարարել է, որ կդիմակայի ԱՄՆ ցանկացած ագրեսիայի կամ սադրանքի՝ «արձագանքման կայուն ռազմավարության» օգնությամբ։

Անցած շաբաթ Պենտագոնը հրապարակել էր «2023թ. զանգվածային ոչնչացման զենքին դիմակայելու ռազմավարության» ոչ գաղտնի տարբերակը։ Զեկույցում նշվել է, որ չնայած Չինաստանը եւ Ռուսաստանը «հիմնական խնդիրներն են՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի հետ», Հյուսիսային Կորեան, Իրանը եւ ռազմատենչ ծայրահեղական կազմակերպությունները շարունակում են մնալ «մշտական տարածաշրջանային սպառնալիքներ»։

«ԱՄՆ-ն հենց նոր ցուցադրեց ագրեսիա կատարելու իր վտանգավոր մտադրությունը, որպեսզի լրջորեն խախտի (Հյուսիսային Կորեայի) եւ անկախ ու ինքնիշխան այլ պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ սպառնալով նրանց զանգվածային ոչնչացման զենքով, որպեսզի իրականացնի իր վայրի հավակնությունները գլոբալ ռազմական հեգեմոնիա ունենալու հարցում»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը։

Հյուսիսային Կորեայի զինվորականները «կդիմակայեն ամերիկյան իմպերիալիստական ագրեսորի ռազմական ստրատեգիային եւ սադրանքներին արձագանքման առավել կայուն ռազմավարության օգնությամբ»։

Նշվել է, որ «մշտական սպառնալիք» արտահայտությունն ավելի շատ սազում է ԱՄՆ-ին՝ հաշվի առնելով զորավարժությունների ակտիվացումը Հարավային Կորեայում եւ ատոմային սուզանավի տեղակայումը, որը «բավական շատ զենք է կրում, որպեսզի լիովին ոչնչացնի մեկ պետություն»։