Օտարերկրյա զինված ուժերը չեն կարող մնալ Մալդիվներում, ասել է նորընտիր նախագահ Մոհամեդ Մուիզուն նախագահական ընտրություններում իր տարած հաղթանակին նվիրված հանրահավաքում, տեղեկացրել է Reuters-ը։
Մուիզուն, որը հաղթել է գործող նախագահ Իբրահիմ Սոլիհին շաբաթ օրը ընտրությունների երկրորդ փուլում, վայելում է կոալիցիայի աջակցությունը, որը, ինչպես հայտնի է, մոտ է Չինաստանին, եւ մի քանի տարի առաջ «Կորի՛ր, Հնդկաստան» արշավի կողմնակիցն էր եւ դեմ էր հնդիկ զինվորականների ոչ մեծ ստորաբաժանման ներկայությանը։
«Բոլոր երկրները, որոնք կհամաձայնեն մեր մալդիվամետ քաղաքականությանը, կլինեն մեր մերձավոր բարեկամներն ու դաշնակիցները»,- ասել է Մուիզուն։ «Մենք կվտարենք օտարերկրյա զինվորներին Մալդիվներից»,- ավելացրել է նա՝ որեւէ երկիր չնշելով։
Նրա կուսակցությունը նախկինում Հնդկաստանի ճնշող ազդեցությունը դիտարկում էր որպես ինքնիշխանության պոտենցիալ սպառնալիք, եւ Մուիզուն հարավասիական այդ երկրին մեղադրում էր Հնդկական օվկիանոսի արշիպելագում մշտական ռազմական ներկայություն ունենալու ձգտման մեջ։
Հնդկաստանը չի ընդունում այս հավաստիացումը եւ օգնում է կառուցել ռազմածովային նավահանգիստ Մալդիվների ԶՈւ-ի համար։
Նյու Դելին «կհետեւի» Մուիզուի քաղաքականությանը, ասել է Հնդկաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան՝ անունը չնշելու պայմանով։ «Նա պետք է աշխատի մեզ հետ, եւ մենք պետք է աշխատենք նրա հետ»,- ավելացրել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ Հնդկաստանը «տրամադրված չէ Մալդիվների դեմ»։




























