Ֆլորենցիայի իշխանություններն արգելել են ավելացնել քաղաքի պատմական կենտրոնում վարձու տրվող բնակարանների թիվը, տեղեկացրել է The Local-ը։

Աշխարհի ամենահանրահայտ զբոսաշրջային քաղաքներից մեկի ղեկավար Դարիո Նարդելան հայտարարել է, որ տեղի մոտ 42 հազար բնակիչ ստիպված է ապրել ապարտ-հյուրանոցներ հիշեցնող շենքերում։

Այժմ բնակարանը զբոսաշրջիկներին վարձով տալու համար նախատեսված է հինգ հազար եվրոյի տուգանք։ Կմտցվեն երեք տարվա հարկային արտոնություններ նրանց համար, ովքեր ոչ թե օրավարձով, այլ երկար ժամանակով վարձով կտան իրենց բնակարանները։

Նարդելան ասել է, որ Airbnb-ում ներկայացված վարձու բնակարանների թիվը Ֆլորենցիայում 2014թ. 6 հազարից այսօր հասել է 14,4 հազարի։ Վարձի միջին արժեքը ավելացել է 42 տոկոսով, ընդ որում՝ այս տարի 15 տոկոսով։