Այս ամիս ավելի ուշ պետք է տեղի ունենա երրորդ միջազգային հանդիպումը Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցի վերաբերյալ, նման հանդիպում տեղի էր ունեցել Ջիդայում (Սաուդյան Արաբիա) օգոստոսին։

Ինչպես գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին, միջոցառումը տեղի է ունենալու Թուրքիայում։ Օրակարգում է լինելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության պլանը՝ բաղկացած 10 կետից, որը նախատեսում է ռուսական զորքերի լիակատար դուրսբերում Ուկրաինայից։ Կքննարկվեն նաեւ այս տարի ավելի ուշ խաղաղության հաստատման առաջարկների վերաբերյալ գլոբալ գագաթաժողով անցկացնելու Կիեւի պլանները։

Ակնկալվում է, որ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն սահմանափակ թվով պաշտոնատար անձինք, այդ թվում ԱՄՆ ներկայացուցիչներ։ Նշվել է նաեւ, որ Սպիտակ տունն առայժմ չի կողմնորոշվել, թե ով կմասնակցի հանդիպմանը։

Հանդիպման կազմակերպիչները նաեւ ցանկանում են, որ Չինաստանը մասնակցի քննարկումների այս փուլին, բայց դեռ հայտնի չէ, թե արդյոք Պեկինը կուղարկի իր ներկայացուցչին, նշել են պարբերականի աղբյուրները։ Ռուսաստանը, ինչպես եւ նախորդ անգամ, հրավիրված չէ։ Նախորդ հանդիպումները ագրեսոր երկիրը դատապարտել է՝ դրանք ոչ լեգիտիմ անվանելով։