Եվրախորհրդարանի (ԵԽ) բյուջետային եւ արտաքին հարաբերությունների կոմիտեները հոկտեմբերի 5-ին քվեարկել են 50 մլրդ եվրո հատկացնելու օգտին՝ Ուկրաինայի «վերականգնումն ու արդիականացումը» 2024-2027թթ. ֆինանսավորելու ֆոնդի ստեղծման համար։ Կողմ քվեարկել է կոմիտեների 86, դեմ՝ 6 ներկայացուցիչ, ձեռնպահ է մնացել 2 ներկայացուցիչ։
Ակնկալվում է, որ ամբողջ Եվրախորհրդարանը ֆոնդի ստեղծման օգտին կքվեարկի հաջորդ լիագումար նստաշրջանի ժամանակ, հոկտեմբերի 16-19-ին։ Այնուհետեւ կարող են սկսվել եռակողմ բանակցություններ Եվրախորհրդարանի, Եվրամիության Խորհրդի եւ Եվրահանձնաժողովի միջեւ։ Խորհուրդը պետք է սկզբում, բանակցություններից առաջ, իր դիրքորոշումը համաձայնեցնի Եվրախորհրդարանի հետ, իսկ այնտեղ դեռ տարաձայնություններ կան Կիեւին նման մասշտաբային աջակցության հարցում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը առաջարկել էր բյուջեում նախատեսել լրացուցիչ 50 մլրդ եվրո 2024-2027թթ. Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար (17 մլրդ եվրո որպես դրամաշնորհ եւ 33 մլրդ եվրո վարկ)։ Բայց, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի խոսքով՝ 2024-ից Եվրոպայի օգնությունն անվերապահ չի լինի, Կիեւը պետք է ներկայացնի վերակառուցման պլան՝ բարեփոխումներով եւ ներդրումներով հանդերձ։
Եվրամիությունից Ուկրաինայի համար նախատեսվող մակրոֆինանսական օգնությունն այս տարի կազմում է 18 մլրդ եվրո, փողերը փոխանցվում են ամեն ամիս՝ 1,5 մլրդ եվրոյի չափով։ Այդ օգնությունը Կիեւի վարչակարգին ցուցաբերում են անկախ բարեփոխումներից եւ կոռուպցիայի դեմ պայքարից։




























