Իտալիայի կառավարությունը Նեապոլի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյ գերհրաբխի շրջակայքում բնակվող տասնյակ հազարավոր մարդկանց հնարավոր զանգվածային տարհանում է ծրագրում, գրում է The Guardian-ը։

Առաջիկա ամիսներին իշխանությունները նոր միջոցներ կձեռնարկեն, որոնք ներառում են տարածքում շենքերի ամրության ստուգում։ Որոշումը կայացվել է ամիսներ շարունակ կրկնվող երկրաշարժերից հետո:

Կամպի Ֆլեգրեյը գտնվում է Նեապոլից արևմուտք։ Դրա շրջակայքում կան բազմաթիվ քաղաքներ և գյուղեր, ներառյալ Պոզուոլին, Ագնանոն և Բակոլին, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 500,000 մարդ:

Կալդերան 24 խառնարան ունի և շատ ավելի մեծ հրաբուխ է, քան մոտակա Վեզուվը, որը ավերել է հին հռոմեական Պոմպեյ քաղաքը մ.թ. 79-ին:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում  այդ տարածքում ավելի քան 1100 երկրաշարժ է տեղի ունեցել, այդ թվում՝ երկուշաբթի օրը 4,0 մագնիտուդով, իսկ անցած շաբաթ՝ 4,2 մագնիտուդով, ինչը տարածքում ամենաուժեղն է վերջին չորս տասնամյակում:

Մասնագետներն ասում են, որ սեյսմիկ ակտիվության աճը, հավանաբար, պայմանավորված է բրադիսիզմ անունով հայտնի երևույթով, երբ գետինը բարձրանում կամ իջնում ​​է ստորգետնյա մագմայի խցիկների լցման կամ դատարկման հետևանքով առաջացած ցիկլի հիման վրա:

Հրաբխագետների մեծամասնությունն ասում է, որ ժայթքման անմիջական վտանգ չկա, սակայն գետնի մակարդակը ներկայումս բարձրանում է ամսական 1,5 սմ-ով, մտահոգություններ կան տեղական շենքերի վրա ազդեցության վերաբերյալ: