Ամերիկյան օրենսդիրների պատվիրակությունը՝ Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերի գլխավորությամբ, շաբաթ ժամանել է Չինաստան՝ 2019-ից ի վեր առաջին անգամ, տեղեկացրել է The Associated Press-ը։

Ուղեւորությունը տեղի է ունենում երկու երկրների միջեւ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։ Ջանքեր են գործադրվում ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի հնարավոր հանդիպման կազմակերպման համար։

Վեց սենատորներից բաղկացած պատվիրակությունը վայրէջք է կատարել Շանհայում։

Վերջին ամիսներին տեղի են ունեցել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ Պեկինում, բայց ամերիկացի օրենսդիրներից ոչ մեկը նման ուղեւորություն չէր կատարել այն բանից հետո, երբ Չինաստանը չեղարկել էր քովիդի սահմանափակումները։

Չինաստանը հույս է հայտնել, որ այս այցը «կնպաստի, որպեսզի Կոնգրեսում ավելի օբյեկտիվ ընկալեն Չինաստանին»։

Շումերի գրասենյակում տեղեկացրել են, որ նա ուշադրությունը կենտորնացնելու է առեւտրի ոլորտում, առաջավոր տեխնոլոգիաների հարցում ամերիկյան առաջնորդության պահպանման վրա։ Հաջող այցը կարող է օգնել Բայդենի եւ Սի Ծինփինի հանդիպման կազմակերպման նախապատրաստմանը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների ղեկավարների Սան Ֆրանցիսկոյի հանդիպման ժամանակ։ Սենատորներն ակնկալում են Պեկինում հանդիպել Սի Ծինփինի հետ։

Սպիտակ տունը աջակցում է շփումը Շումերի հետ, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։ Չինաստանից սենատորները կմեկնեն Հարավային Կորեա եւ Ճապոնիա։