Պակիստանից աֆղանստանցիների բռնի տեղահանումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների լուրջ խախտման, շաբաթ օրը նախազգուշացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը, տեղեկացրել է The Associated Press-ը։
Պակիստանը վերջերս հայտարարել է երկրում անլեգալ ապրող միգրանտների բռնաճնշումների մասին, ներառյալ 1,7 մլն աֆղանստանցիները, նրանց հրամայվել է մինչեւ հոկտեմբերի 31-ը վերադառնալ իրենց հայրենիք։
Կառավարությունը հերքում է, որ հետապնդում է աֆղանստանցիներին, եւ ասում է, որ հիմնական ուշադրությունը հատկացվում է այն մարդկանց, որոնք երկրում գտնվում են անլեգալ հիմունքներով՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից։ Պակիստանի կառավարությունը հայտարարել է թեժ գծի ստեղծման մասին։
ՄԱԿ գործակալությունը հայտնել է, որ Աֆղանստանը լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ է, մանավանդ կանայք եւ աղջիկները, որոնց թալիբները լուրջ արգելքների առջեւ են կանգնեցրել՝ կապված մարդու իրավունքների հետ։
«Եվ այդ պլանները լուրջ հետեւանքներ կունենան բոլորի համար, ովքեր ստիպված են եղել հեռանալ երկրից, նրանք կարող են բախվել լուրջ վտանգների, եթե վերադառնան»,- նշվել է ՄԱԿ հայտարարությունում։
ՄԱԿ-ում հայտարարել են նաեւ, որ պատրաստ են օգնել գրանցել աֆղանստանցիներին, որոնք միջազգային պաշտպանության կարիք կունենան։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ ՄԱԿ փախստականների գործերի գործակալությունը երկրներին կոչ է արել «դադարեցնել աֆղանստանցիների բռնի վերադարձը եւ ապահովել, որպեսզի նրանց ցանկացած վերադարձը երկիր լինի անվտանգ, արժանապատիվ եւ ինքնակամ»։
Բելուջիստանի (Պակիստանի նահանգ) տեղեկատվության նախարար Յան Աչաքզայն ավելի վաղ հայտնել էր, որ հարյուրավոր աֆղանական ընտանիքներ ինքնակամ հեռացել են երկրից եւ հատել սահմանը այս հայտարարությունից հետո։ Նրա խոսքով՝ իշխանությունները ձերբակալել են ավելի քան 100 մարդու՝ աֆղանստանցիների եւ իրանցիների։




























