Եվրոպական երկրների ղեկավարները Իսրայելի տարածքի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հրթիռակոծումից մի քանի ժամ հետո հանդես են եկել հայտարարություններով։

«ՀԱՄԱՍ-ի հարձակումները խոր տառապանքներ են պատճառում իսրայելցի ժողովրդին, խորացնում լարվածությունը եւ խափանում պաղեստինցիների շահերը։ Լիակատար աջակցությունս Իսրայելին։

Ավելի քան երբեւէ անհրաժեշտ է աշխատել հանուն կայուն խաղաղության MEPP (Մերձավորարեւելյան խաղաղության գործընթաց- խմբ.) շրջանակում ջանքերի ակտիվացման միջոցով»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «անվերապահորեն» դատապարտում է «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հարձակումն Իսրայելի դեմ»։

«Դա ահաբեկչություն է իր ամենանողկալի տեսքով։ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն նման նողկալի հարձակումներից»,- նշել է նա։

Վճռականորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Իսրայելի եւ նրա ժողովրդի դեմ կատարված հարձակումը, որն ահաբեկություն եւ բռնություն է սերմանում անմեղ քաղաքացիների հանդեպ, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Իմ մտքերը բոլոր զոհերի հետ են։ ԵՄ-ն համերաշխ է իսրայելցի ժողովրդի հետ այս ահավոր պահին»,- նշվել է Միշելի հայտարարությունում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքով՝ նա «ցնցվել» է ՀԱՄԱՍ-ի առավոտվա հարձակումից։

«Իսրայելը ինքնապաշտպանության բացարձակ իրավունք ունի։

Մենք կապ ենք պահպանում Իսրայելի իշխանությունների եւ Իսրայելում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիների հետ, պետք է հետեւել ճամփորդությունների համար տրվող հանձնարարականներին»,- նշել է Սունակը։

Հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ֆրանսիան, Գերմանիան եւ Ուկրաինան։

«Ես վճռականորեն դատապարտում եմ ահաբեկչական հարձակումները, որոնք ներկա պահին կատարվում են Իսրայելում։ Ես համերաշխություն եմ հայտնում զոհերի, նրանց ընտանիքների եւ մերձավորների հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը մեղադրել է ՀԱՄԱՍ խմբավորմանը բռնության թեժացման համար։

«Ես վճռականորեն դատապարտում եմ Իսրայելի դեմ ահաբեկչական գրոհները։ Բռնությունը եւ անմեղ մարդկանց հրթիռակոծությունը պետք է անհապաղ դադարեցվեն։ Իսրայելը վայելում է մեր լիակատար համերաշխությունը եւ իրեն ահաբեկչությունից պաշտպանելու իրավունք ունի»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «վճռականորեն դատապարտում է Իսրայելի դեմ շարունակվող ահաբեկչական գրոհները, հրթիռակոծությունները Երուսաղեմում եւ Թել Ավիվում»։

«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իսրայելին՝ իրեն եւ իր ժողովրդին պաշտպանելու իրավունքի հարցում»,- նշվել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունում։