Մադագասկարի նախկին նախագահ Մարկ Ռավալոմանանան ասել է, որ շաբաթ օրը ոտքը վնասվածք է ստացել, երբ ոստիկաններն ու զինվորները արցունքաբեր գազ են կիրառել՝ ցրելու իր համախոհների և գործող նախագահին մարտահրավեր նետող այլ թեկնածուների հավաքը:

Ռավալոմանանան, ով նոյեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած 11 թեկնածուների թվում է, Facebook-ի իր էջում ցուցադրել է ձախ ոտքի վնասվածքի լուսանկար, որից արյուն է կաթում։

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է վնասվածքի պատճառ դարձել։

Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվոյի կենտրոնում դեպքի վայրում ներկա գտնվող վկան հաստատել է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել երկրի նախկին նախագահի կողմնակիցների դեմ, որոնց թիվը հասնում է հարյուրների։

Երթի մասնակիցները պահանջում էին փոխել ընտրական հանձնաժողովը ղեկավարող պաշտոնյաներին և ստեղծել ընտրական վեճերը քննող հատուկ դատարան։

Նրանք նաև ցանկանում են, որ երկրի ներկայիս նախագահ Անդրի Ռաջոելինան որակազրկվի ընտրություններին մասնակցելուց՝ պատճառաբանելով, որ նա Մադագասկարի քաղաքացի չէ, մեղադրանք, որը նա նախկինում հերքել է։