Բրազիլիան հուսով է կանխել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հակամարտության սրումը, շաբաթ օրը հայտարարել է նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան այն բանից հետո, երբ իր երկիրը ճգնաժամը կարգավորելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու կոչ է արել:

Բրազիլիան, որն այս ամիս նախագահում էր Անվտանգության խորհուրդը, դատապարտել է շաբաթ օրն Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը։

Հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը նաև վերահաստատեց իր հավատարմությունը «երկու պետությունների համակեցության լուծմանը», որում պաղեստինցիներն ու իսրայելցիները գոյակցում են փոխհամաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Բրազիլիան ջանք չի խնայի հակամարտության սրումը կանխելու համար, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում»,- գրել է երկրի նախագահը X-ի իր միկրոբլոգում։

Դիվանագետները հայտնել են, որ խորհրդի նիստը պետք է տեղի ունենա կիրակի օրը, հայտնում է Reuters-ը։

ՀԱՄԱՍ-ի համակարգված գործողությունը, որը ներառում էր ներթափանցում Իսրայել, ինչպես նաև հրթիռակոծում Գազայից, Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումն էր: Իսրայելը հայտնել է, որ խմբավորման զինյալները հարձակվել են Գազայի մոտ գտնվող իսրայելական մի քանի քաղաքների և ռազմակայանների վրա: