Վաղ առավոտյան օդային ռմբակոծության ազդանշանների ձայնով սկսված օրը, կեսօրին վերածվեց ամենասարսափելի հարձակումներից մեկի, որն Իսրայելը տեսել է իր գոյության 75 տարիների ընթացքում, գրում է CNN կայքը։

«ՀԱՄԱՍ-ի՝ իսլամիստական ռազմական խմբավորման, գրոհայինները, որը վերահսկում է աղքատացած և խիտ բնակեցված Գազայի հատվածը, գիշերվա ընթացքում հարյուրավոր մարդկանց են սպանել  և հարյուրավորներին վիրավորել:

Թեև Իսրայելը սովոր է  ահաբեկչական հարձակումներին, սակայն շաբաթ օրվա հարձակումն աննախադեպ էր, հատկապես նախազգուշացման բացակայության պատճառով: Իսրայելի զինված ուժերը շաբաթ օրն հանկարծակիի եկան, չնայած այն բանին, որ տասնամյակների ընթացքում երկիրը վերածվել է տեխնոլոգիական ցկենտրոնի, որը կարող է պարծենալ աշխարհում ամենատպավորիչ զինված ուժերով և առաջատար հետախուզական գործակալությամբ»,- ընդգծվում է հոդվածում:

«Իսրայելի իշխանություններին ուղղված շատ հարցեր կան։ Ավելի քան 17 տարի է անցել այն պահից, երբ իսրայելցի զինվորը գերի էր ընկել Իսրայելի տարածքի վրա հարձակման ժամանակ։ Եվ Իսրայելը չի ​​տեսել նման ներթափանցում ռազմակայաններ, քաղաքներ և կիբուցներ 1948 թվականի անկախության պատերազմի միջքաղաքային  մարտերից հետո: Ինչպե՞ս կարող էր աշխարհի ամենաաղքատ անկլավներից մեկի ահաբեկչական խմբավորումը նման ավերիչ հարձակում իրականացնել»,- հարցնում է հոդվածի հեղինակ Ջոշուա Բեռլինգերը։

«Ամբողջ համակարգը շարքից դուրս է եկել։ Դա միայն մեկ բաղադրիչ չէ: Դա մի ամբողջ պաշտպանական ճարտարապետություն է, որն ակնհայտորեն չի կարողացել ապահովել իսրայելցի քաղաքացիական անձանց անհրաժեշտ պաշտպանությունը, - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի նախկին միջազգային խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:- Սա Պերլ Հարբորի տիպի պահ է Իսրայելի համար, որտեղ իրականություն կար մինչև այսօր, իսկ հետո կլինի իրականություն այսօրվանից հետո»:

Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս խուսափել է այն հարցերից, թե արդյոք շաբաթ օրվա իրադարձությունները հետախուզության ձախողում էին: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը CNN-ին ասել է, որ Իսրայելը կենտրոնացած է ներկայիս պայքարի և քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանության վրա:

«Մենք հետո կխոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել  հետախուզության տեսանկյունից», - ասել է Հեխտը:

Պատահականորեն, թե դիտավորյալ հարձակումները եղան մեկ այլ անկանխատեսելի հակամարտության 50-ամյակի հաջորդ օրը, երբ արաբական պետությունների կոալիցիան անսպասելի հարձակում գործեց Իսրայելի վրա Յոմ Կիպուրի՝ հրեական օրացույցի ամենասուրբ օրը, 1973 թվականին, նշում է CNN-ը:

«Այն պահից, երբ Իսրայելը դուրս եկավ Գազայից 2005 թվականին, նա միլիարդավոր դոլարներ է ծախսել սահմանը հարձակումներից պաշտպանելու համար: Այն թիրախավորում է Գազայից Իսրայել արձակվող ցանկացած զենք և արգելում է ահաբեկիչներին օդային կամ ստորգետնյա սահմանը հատել թունելների միջոցով: Հրթիռային հարձակումները դադարեցնելու համար Իսրայելը օգտագործեց «Երկաթե գմբեթը»՝ հակահրթիռային պաշտպանության արդյունավետ համակարգը, որ ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ»,- գրում է Բեռլինգերը։

Իսրայելը նաև հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել սենսորներով և ստորգետնյա պատերով խելացի սահմանային համակարգի կառուցման համար, որն, ըստ Reuters-ի, ավարտվել է 2021 թվականի վերջին։

Իսրայելի պաշտոնյաներն, անկասկած, կհասկանան, թե որտեղ են այդ համակարգերը խափանվել շաբաթ օրը:

Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի նախկին բանագնաց Ահարոն Դեվիդ Միլերը CNN-ի թղթակից Վուլֆ Բլիցերին ասել է, որ Գազայի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքները «ակնհայտորեն բավականաչափ պաշտպանված չեն»:

«Ես պարզապես չեմ կարծում, որ իսրայելցիները կանխատեսել էին դա», - ասել է Միլերը:

«Իսրայելի պատասխանը, հավանաբար, կներառի ավելին, քան պարզապես սահմանային զորքերի ուժեղացումն է: Իսրայելի պաշտպանության բանակն արդեն սկսել է ավիահարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան»,- ընդգծում է Բեռլինգերը։