Պեկինն ակնկալում է համագործակցել Կահիրեի հետ՝ Մերձավոր Արեւելքում ավելի ամուր կայունության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է CCTV պետական հեռուստաընկերությունը։
«Չինաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Եգիպտոսի հետ... եւ ավելի մեծ որոշակիություն ու կայունություն մտցնել տարածաշրջանում եւ աշխարհում»,- հայտարարել է Սի Ծինփինը։
Նրա խոսքով՝ «Չինաստանը եւ Եգիպտոսը լավ բարեկամներ են, որոնք նույն նպատակներն են հետապնդում եւ վստահում են միմյանց, ինչպես նաեւ լավ գործընկերներ են, որոնք աշխատում են ձեռք ձեռքի տված՝ հանուն զարգացման եւ ընդհանուր բարգավաճման»։
«Ներկայում միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը խոր եւ բարդ փոփոխությունների է ենթարկվում, իսկ աշխարհը՝ արագ փոփոխությունների, որոնք չեն նկատվել հարյուրամյակի ընթացքում»,- ավելացրել է Սի Ծինփինը։
Պեկինը նաեւ պատրաստ է աշխատել Կահիրեի հետ, որպեսզի «համատեղ պաշտպանեն միջազգային արդարությունը, ինչպես նաեւ զարգացող երկրների ընդհանուր շահերը»,- ասել է նա։





























