Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Կահիրեում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլլայի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև «համագործակցության ակտիվացման» և տարածաշրջանում «կայունության վերականգնման» ջանքերը։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից մի քանի ժամ անց ԱՄՆ-ը սկսեց ռազմանավեր և ինքնաթիռներ տեղափոխել Միջերկրական ծովի արևելյան հատված՝ Իսրայելին աջակցելու համար: Դրանից հետո Իսրայելը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։
Եգիպտոսը երկար ժամանակ հանդես է եկել որպես հիմնական միջնորդ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Նախօրեին Եգիպտոսն ու Իսրայելը համաձայնության են եկել, որը թույլ կտա հումանիտար օգնությունը Եգիպտոսով հասցնել պաղեստինյան տարածք։
Նաև այսօր, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին Կահիրեում հանդիպել է իր բրիտանացի գործընկեր Ջեյմս Քլևերլիի հետ, որտեղ նրանք քննարկել են հակամարտությունը թուլացնելու և Գազայի հատվածում հումանիտար ծանր պայմանները լուծելու ուղիները:





























