Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ-հունգարական հարաբերությունների վերականգնմանը, իր գնահատանքը հայտնել է Հունգարիայի կառավարությանը Մերձավոր Արեւելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Արցախից բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած աջակցության եւ 2021 թ․ հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։
Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը եւ շարունակական ոտնձգություններին, հայրենազրկված արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգեւոր, մշակութային ժառանգության պահպանման եւ գերիների վերադարձման խնդիրներին՝ ընդգծելով, որ նաեւ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի հետեւանքով Ադրբեջանը անարգել իրագործեց իր ոճրագործ եւ ցեղասպան քաղաքականությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը եւ Հունգարիան եւս հետեւողական ու վճռական քայլեր կգործադրեն՝ ի նպաստ արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես եւ ժողովուրդների կյանքում նման արհավիրքների կանխման։
Հանդիպմանը Նորին Սրբությունը նշել է, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների ու սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը, եւ հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։
Իր հերթին փոխնախարար Միկլոշ Փանին, անդրադառնալով հայ-հունգարական միջպետական կապերի սերտացմանը, Հայոց Հայրապետին հավաստիացրել է, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը ցուցաբերել արցախահայությանը եւ միջնորդական ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձման ուղղությամբ։





























