Պենտագոնի նոր զեկույցում ասվում է, որ Չինաստանը գերազանցել է իր միջուկային զինանոցի չափի վերաբերյալ նախկին կանխատեսումները և այժմ ավելի շատ զենք է արտադրում՝ միաժամանակ ընդլայնելով իր նավատորմը, գրում է Politico-ն։
Նշվում է, որ մայիսի դրությամբ Չինաստանն իր զինանոցում ուներ ավելի քան 500 միջուկային մարտագլխիկ, ինչը, նախորդ տարվա համեմատ, մոտ 100-ով ավելի է։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ մինչև 2030 թվականը Չինաստանը, հավանաբար, կկրկնապատկի այդ թիվը՝ հասնելով ավելի քան 1000 միջուկային մարտագլխիկների, և ակնկալվում է, որ այդ թիվը կաճի:
Պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Չինաստանի միջուկային զինանոցի վերջին գնահատականները «գերազանցելու են նախկին կանխատեսումները», սակայն հրաժարվել է ավելի կոնկրետ թվեր տրամադրել: Անցյալ տարի Պենտագոնը հաշվարկել էր, որ Չինաստանը մինչև 2030 թվականը կունենա 1000 մարտագլխիկ, իսկ մինչև 2035 թվականը՝ 1500 մարտագլխիկ:
«Այն, ինչ նրանք անում են հիմա, եթե համեմատում ես այն ամենի հետ, ինչ նրանք անում էին մոտ մեկ տասնամյակ առաջ, դա իսկապես շատ ավելին է՝ մասշտաբով և բարդությամբ», - ասել է պաշտոնյան: «Նրանք ընդլայնում և ներդրումներ են կատարում միջուկային զենքի առաքման իրենց ցամաքային, ծովային և օդային հարթակներում, ինչպես նաև ենթակառուցվածքներում, որոնք անհրաժեշտ են միջուկային ուժերի այս բավականին նշանակալի ընդլայնմանն աջակցելու համար»:
Ըստ զեկույցի՝ Չինաստանը, հավանաբար, կօգտագործի իր նոր արագ աճեցնող ռեակտորները և վերամշակման օբյեկտները՝ իր աճող միջուկային ծրագրի համար պլուտոնիում արտադրելու համար, չնայած չինացի պաշտոնյաները հրապարակայնորեն ասում են, որ օբյեկտները «խաղաղ նպատակներ են հետապնդում»:
Պեկինի միջուկային զինանոցը դեռևս շատ ավելի փոքր է, քան Ռուսաստանինը կամ ԱՄՆ-ինը: Հունվարի դրությամբ՝ Ռուսաստանն ուներ 5889 միջուկային մարտագլխիկ; ԱՄՆ-ում դրանք եղել են 5244-ը։ Այնուամենայնիվ, Չինաստանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ սպառազինությունների վերաբերյալ բանակցություններին՝ պատճառաբանելով, որ մյուս երկու երկրների զինանոցը շատ ավելի մեծ է, քան իրենը։
Չինաստանի ռազմական ընդլայնումը միջուկային զինանոցով չի սահմանափակվում: Ինչպես նախորդ տարիներին, Պեկինը շարունակում է ընդլայնել իր նավատորմը՝ անցյալ տարի 340 նավերից և սուզանավերից այս տարի այն հասցնելով ավելի քան 370-ի, ասել է պաշտոնյան:
Չինաստանի պաշտպանության տարեկան բյուջեն նախատեսվում էր ավելացնել 7,1 տոկոսով, հայտնել են զինվորականները:
Զեկույցում խոսվում է նաև Ռուսաստանի հետ Չինաստանի «խորացող» կապերի մասին՝ նշելով, որ Պեկինը «դիսկրետ մոտեցում է ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում նյութական աջակցություն ցուցաբերելու հարցում»։ Ենթադրաբար խոսքը վերաբերում է Ուկրաինայի մարտադաշտում զրահաբաճկոնների և Չինաստանի արտադրության այլ սարքավորումների բաղադրիչների հայտնվելուն։





























