Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ նոյեմբերի սկզբին կայցելի Չինաստան՝ այս մասին հայտարարելով կիրակի օրը՝ ԱՄՆ մեկնելուց ժամեր առաջ, որտեղ հանդիպելու է նախագահ Ջո Բայդենի հետ, հաղորդում է AP-ն:

Ալբանեզեն նաևհայտնել է, որ Չինաստանը շաբաթ ուշ երեկոյան համաձայնվել է վերանայել ավստրալական գինու վրա դրված կոշտ մաքսատուրքերը, որոնք փաստացի արգելափակել են առևտուրը գինեգործների ամենամեծ արտահանման շուկայի հետ 2020 թվականից ի վեր:

Նա կդառնա Ավստրալիայի առաջին վարչապետը, որը  կմեկնի Չինաստան վերջին յոթ տարվա ընթացքում, երբ նոյեմբերի 4-7-ը այցելի Պեկին և Շանհայ։

Ալբանեզեն ասել է, որ Չինաստան իր այցի ընթացքում Պեկինում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Ցիանի հետ, այնուհետև Շանհայում կմասնակցի China International Import Expo-ին։

«Ավստրալիայի շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ», - ավստրալական խորհրդարանում լրագրողներին է ասել  Ավստրալիայի վարչապետը՝ հավելելով, որ առաջիկա օրերին իր ուշադրությունը կկենտրոնանա ԱՄՆ այցի վրա:

«Ավստրալիայի ամենամոտ գործընկերոջ հետ մենք խոսում ենք մեր դաշինքի ապագայի մասին,  որը բարելավվել է AUKUS-ի (եռակողմ պայմանագիր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ - խմբ․) համաձայնագրերով, ապագայի մասին, որը հիմնված է մեր ընդհանուր արժեքների, ժողովրդավարության, միջազգային իրավունքի գերակայության և կայունության,   ամբողջ աշխարհում կարգուկանոնի  հանդեպ մեր հավատարմության վրա»,- հավելել է Ալբանեզեն:

Եռակողմ պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն, որպեսզի  Ավստրալիային տրամադրեն ամերիկյան միջուկային տեխնոլոգիայով հագեցած սուզանավերի նավատորմ՝ «առավել համառ Չինաստանին դիմակայելու համար»: