Չինաստանն իրավիճակը Գազայի հատվածում դիտարկում է որպես «շատ լուրջ»՝ լայնածավալ ցամաքային հակամարտության եւ հարեւան սահմանների երկայնքով տարածման վտանգով լի, ասել է Մերձավոր Արեւելքում Չինաստանի հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «շատ զգոն լինի այս առումով» եւ անհապաղ միջոցներ ձեռնարկի։ Նա կոչ է արել հետեւել միջազգային հումանիտար իրավունքին եւ խուսափել լուրջ հումանիտար աղետից։
Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է անել «ամեն ինչ, որպեսզի նպաստի» երկխոսությանը, հրադադարի ձեռքբերմանը եւ խաղաղության վերականգնմանը, ինչպես նաեւ երկու պետությունների ստեղծման որոշման առաջմղմանը, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Չինաստանը կշարունակի սերտ կապեր պահպանել միջազգային հանրության հետ, ներառյալ արաբական երկրները։ Չժայը տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան եւ տարածաշրջանի այլ երկրներ՝ համակարգման հետագա ամրապնդման նպատակով։





























