Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը Իսրայելին պաշտպանելու հարցում՝ նրա հայտարարությունն անվանելով «ռեակցիոն, հակադեմոկրատական եւ անմարդկային», տեղեկացրել է Mehr-ը։
«Նման հայտարարությունները հավասարազոր են սիոնիստական վարչակարգի (Իսրայելի- խմբ.) անցանկալի ընդունմանը։ Ամերիկացիները պետք է պատասխան տան այս հարցին. ո՞ր միջազգային օրենքը, համաձայնագիրը կամ կանոններն են համատեղելի այդ նկատառումների հետ»,- ասել է Ռայիսին՝ նկատի ունենալով Բայդենի հայտարարությունն այն մասին, որ «եթե Իսրայելը գոյություն չունենար, մենք ստիպված կլինեինք ստեղծել այն»։
Բայդենի մեկնաբանությունները, ըստ Ռայիսիի, «նախազգուշացում» են տարածաշրջանի պետությունների համար։ «Դրանք վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգների համար սիոնիստական վարչակարգի պահպանումը շատ ավելի կարեւոր է, քան մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների կյանքի [պաշտպանությունը]»։ «Այն, ինչ տեղի է ունենում Գազայում այդ շրջանի հալածված ժողովրդի նկատմամբ, ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների վառ օրինակ է»։
Ընդգծելով «ԱՄՆ եւ սիոնիստական վարչակարգի հանցավոր ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու» անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ասել է. «Մենք վստահ ենք, որ Գազայի ժողովրդի թափած արյունը կարագացնի սիոնիստական վարչակարգի անկումը եւ Սրբազան Ալ-Քուդսի (Երուսաղեմի- խմբ.) ազատագրումը»։





























