Թուրքիան վտարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարին, որը գտնվում էր Ստամբուլում, երբ զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա, տեղեկացրել է AL-Monitor-ը՝ հղում կատարելով անունը չնշած աղբյուրներին։
Իսմայիլ Հանիային եւ նրա շրջապատին խնդրել են հեռանալ երկրից այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվել են կադրեր, որոնցում նա եւ ՀԱՄԱՍ-ի այլ անդամներ «շնորհակալական աղոթ» են մատուցում հոկտեմբերի 7-ին ներխուժման մասին հեռուստահաղորդումը դիտելով, տեղեկացրել են աղբյուրները։ Հանիան ինքնակամ վտարման մեջ է ապրում Կատարում եւ Թուրքիայում։
Թուրքիան պետք է ուշադրության առնի Պաղեստինի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Իսրայելի հետ մերձենալու գործընթացը երկար տարիների տարաձայնություններից հետո։
Դա նշանակում է որպես բանակցող կարեւոր դեր խաղալու հնարավորություն Թուրքիայի համար։ Թուրքիան Արեւմուտքում դիտարկվում է որպես հազվադեպ գործընկեր, որը կարող է բանակցություններ վարել ՀԱՄԱՍ-ի հետ, չնայած երրորդ կողմի ցանկացած առաջատար դեր բանակցություններում ստանձնելու է Եգիպտոսը։
Թեեւ Էրդողանը աստիճանաբար խստացրել է հռետորաբանությունն ի պատասխան Գազայի հատվածում զոհերի թվի ավելացման եւ դեմ էր Բայդենի այցին Իսրայել՝ հայտարարելով, որ դա հավասարազոր է Գազայի ավերածությունների պաշտպանությանը, Թուրքիայի նախագահը ավելի զուսպ է արտահայտվում Իսրայելի վերաբերյալ՝ նախորդ արտահայտությունների համեմատությամբ։ Դա, հավանաբար, դուր չի եկել ՀԱՄԱՍ-ին։
Անկարայում պաղեստինյան աղբյուրը Al Monitor-ին տեղեկացրել է, որ «պաղեստինյան խմբավորումները, ներառյալ ՀԱՄԱՍ-ը, դժգոհ են Թուրքիայի դիրքորոշումից։ Նրա հայտարարությունները համարվում են անհամարժեք։ Նրանք անգամ չեն կանչել Իսրայելի դեսպանին ԱԳՆ [ի նշան բողոքի]»։
Թուրքական Haberturk հեռուստաալիքի հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչ Հալեդ Մաշաալն անցած շաբաթ ասել է. «Ես շատ հարգում եմ Թուրքիային։ [Բայց] Թուրքիան պետք է ասի «ստոպ»... Իսրայելին»։





























