Չինական ռազմական տեխնիկան զգալիորեն ուժեղացրել է Սերբիայի զինված ուժերը, տեղեկացրել է երկրի վարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչեւիչը Global Times-ի հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է երկկողմ սերբ-չինական հարաբերություններին, ես կառանձնացնեի ռազմական համագործակցությունը, ինչպես նաեւ տնտեսականը եւ բազմաթիվ ներդրումները, որոնք շատ կարեւոր են մեր երկրի համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ զինված ուժերի համալրման եւ արդիականացման ջանքերը ուղղված են պաշտպանությանը։

Վուչեւիչը նշել է, որ չինական միջին հեռահարության FK-3 զենիթահրթիռային համակարգը եւ CH-95 եւ CH-92A անօդաչուները ամենակարեւոր պաշտպանական համակարգերն են, որոնք ձեռք է բերել Սերբիան։

Նրա խոսքով՝ Սերբիան կուժեղացնի պաշտպանության իր հնարավորությունները։

Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրները կզարգացնեն իրենց հարաբերությունները, քանի որ Չինաստանը Սերբիայի «ամենահուսալի» բարեկամներից մեկն է։