Ֆրանսիան աջակցում է Իսրայելին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, սակայն կողմ է կետային գործողությունների անցկացմանը։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր պարտքն է պայքարել ահաբեկչության դեմ։ Բայց պետք է պայքարել միայն ահաբեկչական խմբերի դեմ, կազմակերպել թիրախային գործողություններ, սա անհրաժեշտություն է»,- ասել է Մակրոնը Թել Ավիվում Իսրայելի նախագահի հետ հանդիպումից առաջ։

Փարիզը կանի ամեն ինչ իր ուժերի սահմաններում, որպեսզի «վերականգնի խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունն Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Մակրոնը։

Առաջնահերթ խնդիրներից մեկը նա համարել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումը։ Ըստ Մակրոնի, անհետ կորած կամ պատանդառված ֆրանսիացիները ինը հոգի են։ Նախագահը նաեւ տեղեկացրել է, որ Հերցոգի հետ բանակցություններից առաջ հանդիպել է մի քանի անհետ կորած ֆրանսիացիների ընտանիքների հետ։