Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հրամանագիր է ստորագրել Լի Շանգֆուին ՉԺՀ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Վերջին անգամ Չինաստանի պաշտպանության նախարարը հանրությանը հայտնվել է օգոստոսի 29-ին, երբ ելույթ է ունեցել Պեկինում կայացած Չինաստան-Աֆրիկա խաղաղության և անվտանգության 3-րդ համաժողովում։ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել է, որ Լի Շանգֆուն, հնարավոր է, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից և հետաքննություն է անցկացվում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք ոչինչ չգիտեն այս իրավիճակի մասին։

Լի Շանգֆուն չի ներկայացել նաև գլխավոր ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվան նվիրված գալա ընդունելությանը, որը նշվում է հոկտեմբերի 1-ին։ Այս պաշտոնում նրա նախորդը՝ Չինաստանի պաշտպանության նախկին նախարար Վեյ Ֆենհեն (2018-2023) նույնպես բացակայել է։

Նշենք, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամանագիր է ստորագրել Չինաստանի նախկին արտգործնախարար Ցին Գանգին ՉԺՀ-ի Պետական ​​խորհրդի անդամի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ցին Գանգը Չինաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար էր դարձել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Հուլիսի վերջին նա պաշտոնանկ արվեց Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (Խորհրդարանի) մշտական ​​հանձնաժողովի որոշմամբ՝ պահպանելով ՉԺՀ Պետական ​​խորհրդի անդամի պաշտոնը։