ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը Գազայում ցամաքային գործողության դեռ հստակ ծրագիր չի մշակել, գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը դեռ չի որոշել՝ արդյոք դա կլինի թիրախային ավիահարվածների և հատուկ նշանակության ջոկատների կիրառմամբ օպերացիա, թե՞ տանկեր և հետևակ է մտցվելու Գազա։ Երկու տարբերակն էլ կհանգեցնեն զոհերի թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական անձնակազմի շրջանում, սակայն լայնամասշտաբ գործողության դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեն։

Հրապարակման աղբյուրները նաև նշում են, որ Իսրայելը, ամերիկյան կողմի կարծիքով, հստակ պատկերացում չունի, թե կոնկրետ ինչ նպատակներ պետք է ձեռք բերվեն ցամաքային գործողության ընթացքում։ Այս իրավիճակը, նրանց կարծիքով, մտահոգություն է առաջացնում, որ Իսրայելը դեռ լիովին պատրաստ չէ գործողություն իրականացնել Գազայում:

Միացյալ Նահանգները, ինչպես ավելի վաղ հայտնել էր Axios-ը, Իսրայել է ուղարկել ծովային հետեւակի կորպուսի գեներալ-լեյտենանտ Ջեյմս Գլինին՝ Իսրայելի պաշտպանության բանակին խորհրդատվություն տալու համար: Սակայն, Պենտագոնի պաշտոնյաներն ընդգծել են, որ այս փաստը չպետք է մեկնաբանվի այնպես թե, ԱՄՆ զինվորականներն Իսրայելի պաշտպանության բանակի փոխարեն որոշումներ են կայացում:

Ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները հաղորդում են, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը խնդրել են հետաձգել ցամաքային գործողության մեկնարկը, այդ թվում՝ բանակցությունների միջոցով պատանդների ազատ արձակմանը հասնելու համար։ Պաշտոնապես Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ը ցամաքային գործողության հետ կապված որևէ ճնշում չի գործադրում: