Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Սմեր» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն պաշտոնապես դարձավ հանրապետության վարչապետ, նոր կառավարության նշանակման արարողությունը հեռարձակվում է tvnoviny.sk պորտալով։
Նախագահական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ Սլովակիայի ղեկավար Զուզանա Չապուտովան քաղաքական գործչին պաշտոնապես նշանակել է կառավարության ղեկավար։
Ֆիցոն չորրորդ անգամ դարձավ Սլովակիայի վարչապետ։ Նա հանդես է գալիս Կիևին զենքի մատակարարումների դադարեցման օգտին: Երկու այլ կուսակցությունների հետ պայմանավորվելով կոալիցիայի մասին՝ նա կարողացավ իրավունք ստանալ Սլովակիայում նոր կառավարություն ձևավորելու։
Նախագահը Ֆիցոյի առաջարկով «Սմեր» կուսակցության փոխնախագահ Յուրայ Բլանարին նշանակել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ հանրապետության ՆԳՆ նախկին ղեկավար Ռոբերտ Կալինյակին որը նույնպես նոր վարչապետի կուսակցության անդամ է։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ֆիցոն, ինքը շահագրգռված է այն բանում, որ հոկտեմբերի 26-27-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում Սլովակիան ներկայացնի նոր վարչապետի պաշտոնում։
Քաղաքական գործիչը նախկինում բազմիցս քննադատել է երկրի իշխանություններին Ուկրաինային աջակցելու համար։ Ըստ նրա, Ուկրաինայի զինված ուժերին ռազմական տեխնիկա փոխանցելու պատճառով Սլովակիայի բանակը հայտնվել է անմխիթար վիճակում։ Նա խոստացել է դադարեցնել հանրապետությունից Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, քանի որ դա հանգեցնում է միայն մարդկանց մահվան։





























