Փախստականների թիվն ամբողջ աշխարհում հասել է 114 միլիոնի, տեղեկացրել է ՄԱԿ փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը։
Հարկադրյալ տեղահանման հիմնական պատճառները 2023թ. առաջին կիսամյակում եղել են լայնածավալ պատերազմն Ուկրաինայում, զինված հակամարտությունները Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Մյանմայում, ինչպես նաեւ երաշտը, հեղեղումներն ու անվտանգության բացակայությունը Սոմալիում եւ հումանիտար ճգնաժամն Աֆղանստանում։
ՄԱԿ տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամիսներին ամբողջ աշխարհում տրվել է 1,6 մլն նոր հայտ ապաստարանի տրամադրման մասին, ինչը ամենաբարձր թիվն է ամբողջ պատմության ընթացքում։ Հունիս-սեպտեմբերին եւս չորս միլիոն մարդ դարձել է փախստական, նշվել է զեկույցում։
«Հակամարտությունները լուծելու կամ նորերը կանխելու միջազգային հանրության անկարողությունը հանգեցնում է մարդկանց տեղահանումների եւ տառապանքների։ Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի վերջ դնենք հակամարտություններին եւ թույլ տանք փախստականներին եւ տեղահանված անձանց վերադառնալ տուն կամ գտնել նոր կյանք»,- ասել է վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդին։
Զեկույցում նաեւ նշվել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի հումանիտար հետեւանքները դեռ պետք է գնահատել։





























