ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինը հումանիտար դադար հայտարարի Գազայի հատվածից խաղաղ բնակչության դուրս գալու համար։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյային։

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը աջակցում է հումանիտար դադարի հայտարարման գաղափարին, որպեսզի օգնությունը հասնի Գազայի հատված եւ խաղաղ բնակիչներին թույլ տրվի հեռանալ անկլավից։

«Իսրայելը լսում է [վաշինգտոնյան] վարչակազմի կոչերը, դա ակտիվ քննարկվում է»,- ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ իսրայելցիները, հավանաբար, «պատրաստ են դադար տալ» պատանդների ազատման մասին բանակցությունների ժամանակ։ Սակայն, ինչպես նշել է ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչը, վերջնական որոշում առայժմ չի ընդունվել։