Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույաշը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում դուրս գալ Եվրամիությունից եւ այնտեղ կմնա շատ ավելի երկար, քան ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կմնա իր պաշտոնում։
«Մենք կլինենք ԵՄ անդամ շատ ավելի երկար, քան նա կլինի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը»,- ասել է նա՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Բորելի հայտարարությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 23-ին ԵՄ-ն անվանել էր ԽՍՀՄ-ի անհաջող պարոդիա։ Նա կարծիք էր հայտնել, որ Եվրամիությունը ձգտում է Հունգարիային զրկել իր ինքնությունից լիբերալ դեմոկրատիայի պարտադրման միջոցով, որը երկիրը մերժում է։
Ի պատասխան՝ Բորելը հայտարարել է, որ Հունգարիային զոռով չեն պահում Եվրամիությունում։ Նա նշել է, որ նմանություններ չի տեսնում Բուդապեշտի խորհրդային օկուպացիայի եւ Բերլեմոնում տեղի ունեցածի միջեւ։





























