Շվեդիան եւ ԱՄՆ-ն պատրաստվում են համաձայնագիր կնքել ռազմական համագործակցության մասին (Defence Cooperation Agreement), որի համաձայն՝ Միացյալ Նահանգները կստանա շվեդական ռազմակայանների հասանելիություն՝ ռազմական տեխնիկայի եւ սարքավորումների պահեստավորման համար, տեղեկացրել է ТТ գործակալությունը։
Գործակալությունը նշել է, որ Շվեդիան անհրաժեշտության դեպքում կկարողանա «ավելի օպերատիվորեն ստանալ ամերիկյան ռազմական օգնությունը»։ Համաձայնագիրը նաեւ նշում է, թե հատկապես ինչ ռազմական սարքավորումներ կպահվեն թագավորության տարածքում։
Բանակցություններն ընթանում են հունվարից, եւ, Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի խոսքով, փաստաթուղթը պետք է պատրաստ լինի այս շաբաթ եւ ուժի մեջ մտնի հաջորդ աշնանը։ «Կարեւոր է, որ մենք Եվրոպայի հյուսիսում ունենանք ուժեղ ամերիկյան ներկայություն։ Այն զսպող եւ կայունացնող ազդեցություն կունենա»,- գործակալությունը մեջբերել է ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքերը։
Խոսքը Շվեդիայում արդեն առկա ռազմակայանների մասին է, սակայն դրանցից քանիսը եւ հատկապես որոնք կընդգրկվեն համաձայնագրում՝ առայժմ չի նշվում։ Dagens Nyheter թերթի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են այնպիսի քաղաքների մոտ գտնվող ռազմակայանները, ինչպիսին են Էստերսունդը, Լուլեոն, Գյոթեբորգը, ինչպես նաեւ Գոտլանդ կղզին։
Յոնսոնի կարծիքով, շվեդ-ամերիկյան համաձայնագրի կնքումը չպետք է Շվեդիայի համար բարձրացնի ռազմական սպառնալիքի մակարդակը։ Նոր համագործակցությունը «կհեշտացնի ՆԱՏՕ-ի համար Բալթյան երկրների եւ Ֆինլանդիայի պաշտպանությունը»,- մեկնաբանել է Յոնսոնը։
ԱՄՆ-ի հետ նման համաձայնագրեր արդեն կնքել են Հունգարիան, Բալթյան երկրները, Լեհաստանը եւ Չեխիան։ Դանիան եւ Ֆինլանդիան, ինչպես եւ Շվեդիան, դեռ բանակցություններ են վարում։





























