ՆԱՏՕ-ն Մոլդովային մշտական օգնություն է խոստացել, Բրյուսելում լրագրողներին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ մենք Ռուսաստանին կոչ ենք անում դուրս բերել զորքերը ձեր տարածքից։ Դուք կարող եք ակնկալել մեր մշտական օգնությունը,- ասել է Սթոլտենբերգը։- Այս տարի ավելի վաղ ՆԱՏՕ-ն համաձայնեցրել էր օգնության զգալի փաթեթ Մոլդովայի կիբեռպաշտպանության, ինչպես նաեւ նրա ռազմավարական հաղորդակցությունների եւ պաշտպանական հնարավորությունների  ամրապնդման համար»։

Նա ընդգծել է, որ հուլիսին Վիլնյուսում կայացած գագաթաժողովում ՆԱՏՕ երկրները պայմանավորվել են ընդլայնել «քաղաքական եւ գործնական համագործակցությունը» Քիշնեւի հետ, ինչը նույնպես «պետք է օգնի նրան դեպի ԵՄ տանող ճանապարհին»։

Սթոլտենբերգը Ռուսաստանին մեղադրել է «Մոլդովայում գործադրվող ճնշման, էներգետիկ շանտաժի եւ ապատեղեկատվության մեջ եւ ողջունել է Քիշնեւի գործողությունները երկրի ներսում կայունության եւ անվտանգության ամրապնդման համար»։