Անկախ Պետությունների Համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ համագործակցության ընդլայնումը կարեւորագույն առաջնահերթություն է Ռուսաստանի համար։ Այն կարող է բարձրացնել տարածաշրջանի կայունությունն արտաքին մարտահրավերների հանդեպ, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական միության միջխորհրդարանական խորհրդում (ընդլայնված կազմով)՝ ՌԴ վարչապետն ասել է. «Անվերապահ առաջնահերթություն ենք համարում ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կապերի ամրապնդումը։ Այն կբարձրացնի տարածաշրջանի կայունությունն արտաքին մարտահրավերների հանդեպ, կբացահայտի մեր երկրների տնտեսական, առեւտրային եւ ներդրումային պոտենցիալը»։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը 2023թ. նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, եւ շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Միշուստինի խոսքով՝ միավորման կարեւոր խնդիրներից մեկը տեխնոլոգիական ինքնիշխանության եւ ընդհանուր արդյունաբերական բազայի ամրապնդումն է տնտեսության կարեւոր ճյուղերում։ Նա նշել է, որ գարնանը փոփոխություններ են կատարվել միության մասին պայմանագրում, որոնք նախատեսում են արդյունաբերական կոոպերացիային աջակցման վերազգային մեխանիզմ։ «Պետք է սուբսիդավորել այդպիսի նախագծերը արդեն հաջորդ տարվանից»,- առաջարկել է նա։