ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պաշպանության հարցը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման հստակ սպառնալիքի ներքո։ ԿԳՄՍ նախարարը Պետեր Սիյարտոյի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայոց պատմության և մշակույթի 5000 անշարժ հուշարձաններ, ինչպես նաև պետական 16 թանգարաններ, որոնց պահպանությանն ուղղված միջազգային հանրության հասցեական արձագանքը կարող է էական դեր ունենալ:
«Ամարասի վանական համալիրը, որտեղ 5-րդ դարում բացվել է առաջին հայկական դպրոցը, Գանձասարի վանական համալիրը և պատմամշակութային մի շարք այլ հուշարձաններ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կարևոր մասն են և, ցավոք, այսօր գտնվում են այլախեղման հստակ սպառնալիքի ներքո:
Հույս ունենք՝ միջազգային հանրության և կառույցների ջանքերի մեկտեղման արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծումներ՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության համար: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա՝ 2020-ից 2023 թվականներին հավաքագրել ենք փաստագրական տեսանյութեր և լուսանկարներ՝ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ոչնչացման շուրջ 50 դեպքերի վերաբերյալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Պետեր Սիյարտոն նշել է, որ որպես քրիստոնյա երկիր՝ Հունգարիան ևս կարևորում է քրիստոնեական կոթողների, մասնավորապես եկեղեցիների պահպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրությունը ներկայացնող այլ հարցեր:





























