Կարագանդայում Կոստենկոյի անվան հանքում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին տեղեկացրել է «Կազինֆորմ» գործակալությունը՝ հղում կատարելով «Արսելորմիտալ Տեմիրտաու» ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Գաֆիուլովին։

Ավելի վաղ տեղեկացվել էր 16 զոհի մասին։

Վերջին տեղեկության համաձայն՝ 252 մարդուց դուրս է բերվել 205-ը, նրանցից 18-ը դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Մնացած հանքափորների որոնումները շարունակվում են։

Վթարից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը  կառավարությանը հանձնարարել է դադարեցնել ներդրումային համագործակցությունն ընկերության հետ, որը մտնում է «Արսելորմիտալ» տրանսազգային մետալուրգիական խմբի մեջ։  Ղազախստանի կառավարությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Արսելորմիտալ Տեմիրտաու» ԲԸ բաժնետերերի հետ, ներկայում գործարքը ձեւակերպվում է, սեփականությունը կփոխանցվի պետությանը։