Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը կարող է մինչեւ տարեվերջ այցելել Մեծ Բրիտանիա՝ առաջին անգամ վեց տարի հետո։ Այս մասին տեղեկացրել է The Times բրիտանական թերթը՝ հղում կատարելով բրիտանական կառավարությունում ունեցած աղբյուրներին։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ թագաժառանգը կարող է Մեծ Բրիտանիա այցելել արդեն դեկտեմբերին եւ հանդիպել Չառլզ III թագավորի հետ, սակայն չի բացառվում, որ դա տեղի կունենա միայն հաջորդ տարի։ The Times-ը նշել է, որ դա Մուհամեդ բին Սալմանի առաջին այցն է լինելու Լոնդոն Սաուդյան Արաբիայի եւ արեւմտյան երկրների միջեւ հարաբերությունների կտրուկ սառեցումից հետո, որը կապված էր 2018թ. հոկտեմբերին Ջամալ Խաշագջիի սպանության հետ։ Վերջին անգամ Մուհամեդ բին Սալմանը Միացյալ Թագավորություն այցելել է  դրանից կես տարի առաջ՝ 2018թ. մարտին, եւ հանդիպումներ է ունեցել Եղիսաբեթ II թագուհու եւ Թերեզա Մեյի հետ, որն այն ժամանակ գլխավորում էր Բրիտանիայի կառավարությունը։

Իսրայելում իրավիճակի կտրուկ սրացումը ստիպում է Լոնդոնին նորից մերձենալ Էր Ռիադի հետ։ Անցած շաբաթ վարչապետ Ռիշի Սունակը հանդիպել է արքայազնի հետ մերձավորարեւելյան իր շրջագայության ժամանակ։ The Times-ն ավելացրել է, որ ստեղծված իրավիճակում աճում է միջնորդի դերի նշանակությունը, որը թագավորությունը խաղում է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի միջեւ։

Հոդվածում նաեւ նշվել է, որ Բրիտանիայի կառավարությունում ձգտում են ամրապնդել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջեւ, քանի որ Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տարիներին 1 տրլն դոլարի ներդրումներ կատարել՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման նպատակով, որը զգալիորեն կախված է նավթի առեւտրից։ Լոնդոնի նպատակներից մեկն էլ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումն է Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության Խորհրդի երկրների հետ, որի կարեւոր անդամներից մեկն է Սաուդյան Արաբիան։