Սլովակիան կվերանայի ԱՄՆ-ի հետ 2022 թվականի փետրվարին կնքված պաշտպանական համագործակցության համաձայնագիրը հանրապետության համար առավել բարենպաստ պայմաններով։ Այս մասին Սլովակիայում Ամերիկայի դեսպանին հայտնել է երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։
«[ԱՄՆ դեսպանի հետ] հանդիպման ժամանակ մենք [սլովակյան կողմը] ասացինք, որ կարևորում ենք լավ հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ, բայց մենք նման չենք նախկին ստրկամիտ կառավարություններին (խոսքը վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի կաբինետի նախորդների մասին է)։ Մենք շնորհակալ ենք կառուցողական երկխոսության և համագործակցության համար, բայց միայն փոխշահավետ»,- գրել է Կալինյակը ֆեյսբուքյան իր էջում։ - Հանդիպման ժամանակ մենք ամերիկացի դեսպանին բացատրեցինք կառավարության դիրքորոշումը, որն արտահայտում է [բացառապես] Սլովակիայի շահերը, ինչպես նաև այն, որ մենք Սլովակիայի զինամթերքի պահեստներից նոր բեռներ [ռազմական օգնություն] չենք ուղարկելու Ուկրաինա, և որ պաշտպանական համագործակցության [ԱՄՆ-ի հետ] համաձայնագիրը պետք է վերանայվի»։
Կողմերը, ըստ ՊՆ ղեկավարի, գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից և հաստատել իրենց մտադրությունը՝ զարգացնելու համագործակցությունը մշտական երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։
Ֆիկոն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետությունը, ստորագրելով ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագիրը, հանդես է եկել «ոչ որպես [հավասար] բանակցող գործընկեր»։ Նա օրինակ բերեց ԵՄ մյուս երկրներին, որոնք համաձայնության են եկել Վաշինգտոնի հետ և նման պայմանագրեր կնքել սկզբունքորեն ավելի լավ պայմաններով։
Բրատիսլավան, պաշտպանական պայմանագիր կնքելով ԱՄՆ-ի հետ, ամերիկյան կողմին իրավունք է տվել օգտագործել երկու սլովակյան օդանավակայաններ։ Վաշինգտոնն, իր հերթին, խոստացել է 100 միլիոն դոլար ներդնել Սլովակիայի պաշտպանական ենթակառուցվածքի արդիականացման համար։





























