Իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի հրթիռը շեղվել է ուղեգծից եւ ընկել Թել Ավիվից հարավ, Ռիշոն լե Ցիոն քաղաքում։ Այս մասին գրել է Shot Թելեգրամ-ալիքը։

Շեղման պատճառը չի նշվել։ Տեղեկացվել է, որ Իսրայելի երեկոյան գնդակոծությունները ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ տեղի են ունեցել Գազա քաղաքի լիակատար շրջափակման մասին տեղեկություններից հետո։

Մինչ այդ Իսրայելի կենտրոնական շրջաններում օդային տագնապ էր հայտարարվել։

Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է Գազայի հատվածից Իսրայելի տարածք հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինյալների ներթափանցումից հետո։ Գերեվարվել են ավելի քան 200 պատանդներ։

Այդ օրը ՀԱՄԱՍ շարժումը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի վրա եւ հայտարարել «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունն սկսելու մասին։ Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը գտնվում է պատերազմի վիճակում։

Իսրայելի Պաշտպանության բանակի գործողությունը ստացել է «Երկաթե սրեր» անվանումը, դրա նպատակներից մեկը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։ Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր օբյեկտների Գազայի հատվածում, իսկ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է դադարեցնել ջրի, պարենի, ապրանքների, էլեկտրականության եւ վառելիքի մատակարարումը Գազայի հատված։