Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել, թե կստանձնի արդյոք պատասխանատվությունը, որ չի կարողացել կանխել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա կատարված հարձակումը։

CNN-ի հարցազրույցում Նեթանյահուն ընդունել է, որ դա «հարց է, որը պետք է տալ», բայց ներկա պահին երկրին անհրաժեշտ է միավորվել ՀԱՄԱՍ-ի հանդեպ հաղթանակի նպատակին հասնելու համար։

«Մենք պատրաստվում ենք պատասխանել այդ բոլոր հարցերին»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով. «Հենց հիմա, ես կարծում եմ, մենք պետք է միավորենք երկիրը մի նպատակի համար՝ հասնել հաղթանակի»։

«Եկեք կենտրոնանանք հաղթանակի վրա, սա է այժմ իմ պատասխանատվությունը»։

Նեթանյահուն քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ չի կարողացել կանխել ամենամահասփյուռ հարձակումն Իսրայելի վրա 1948թ. երկրի հիմնադրումից հետո։

Թել Ավիվում շաբաթ օրվա ցույցի ժամանակ պատանդների ընտանիքները Նեթանյահուին կոչ են արել ավելին անել իրենց մերձավորներին ազատելու հարցում։

Վարչապետը CNN-ին հայտնել է, որ Իսրայելը «շուրջօրյա» անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ազատ արձակի պատանդներին՝ հայտարարելով, որ դա իր երկու ռազմական նպատակներից մեկն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման հետ միասին։