Թուրքական միջերկրածովյան Յումուրթալըք նավահանգստում կոկաինի խմբաքանակ է հայտնաբերվել Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավում։ Նավի կապիտանը եւ անձնակազմը ափ են հանվել՝ հարցաքննության համար, թմրանյութերի մաքսանենգության հետ կապված հարցաքննության շրջանակում, տեղեկացրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

«Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Berge Tore նավում առգրավվել է 51 կիոգրամ 750 գրամ կոկաին։ Դրանք գտնվում էին 45 փաթեթներում, երկու պլաստիկե պարկերում, որոնք կապված էին խարսխի շղթային։ Ցուցմունքների համար բերման է ենթարկվել 26 մարդ, այդ թվում կապիտանը, նրա օգնականներն ու նավի անձնակազմի անդամները»,- գրել է նախարարը X սոցցանցի իր էջում։

Sözcü հեռուստաալիքը նշել է, որ սա նոյեմբերին Թուրքիայի ՆԳՆ չորրորդ հաջող գործողությունն է թմրաբիզնեսի դեմ պայքարում։ Նոյեմբերի 2-ին Ստամբուլում կալանքի տակ էին վերցրել Comanchero կազմակերպված հանցավոր միջազգային խմբի պարագլուխ Հասան Այըքին եւ էլի 40 մարդու։ Նոյեմբերի 9-ին  Անկարայում ձերբակալել էին 210 մարդու, այդ թվում կազմակերպված հանցավոր խմբի պարագլուխ Ջամուշհան Ուլուսին, որը զբաղվում է Կենտրոնական Ասիայից բերվող թմրանյութերի մաքսանենգությամբ։ Նոյեմբերի 10-ին Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության, սպանությունների եւ մարդկանց առեւանգումների կասկածանքով թուրքական ոստիկանությունը կալանքի տակ էր վերցրել ծագումով Ալբանիայից Դրիտան Ռեքսհեպիին։